Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Հիշի՛ր, որ դու չես վերջանում, որ դու պիտի վերսկսվես թեկուզ վաղը»

«Հիշի՛ր, որ դու չես վերջանում, որ դու պիտի վերսկսվես թեկուզ վաղը»
27.04.2022 | 07:36

«Դու մի՛ փորձիր արդարանալ.
Հարկավոր չէ:
Բայց երբ կանգնի
Ամեն անգամ վերջալույսը քո հանդիման,
Ու երբ կանգնի՝ քրմուհու պես,
Հիշի՛ր, որ դու չես վերջանում,
Որ դու պիտի վերսկսվես թեկուզ վաղը:
Բայց և հիշի՛ր, որ սկսվել՝
Բնավ էլ չի նշանակում փոխել հավատ,
Ինչպես նաև ուրացում չէ մոռացումը»:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ


Մեղքի խնձորն ուտելուց հետո մարդն այլևս անմահ չէր: Այլևս անիմաստ էր գնալ անմահական խնձորի ետևից: Բայց գնում ենք: Յուրաքանչյուրս մեր ներսում հորինում ենք մեր կյանքի հեքիաթը ու ականջ պահելով Հազարան բլբուլի երգին՝ գնում ենք՝ գտնելու բանտված խնձորը: Անվերջանալի մի ճանապարհ, որը կիսատ ենք թողնում բոլորս: Տխուր հեքիաթ:


«Հեքիաթի՞ է նման:
Տխուր հեքիաթներ չեն լինում: Հեքիաթները հորինում են մարդիկ՝ կյանքի տխրությունը ցրելու համար»:
Նա այսպես ասում էր, երբ արդեն մեծ պաստառին թափել էր ծիածանի բոլոր գույներն ու սկսել իր հազար ու մի մտահղացումների միջից դուրս հանել հայկական թեմաներով էսքիզները:
Այսպես ասում էր, երբ արդեն դեպի անմահական խնձորը գնալու իր բաժին ճանապարհին մնայունն ու անցողիկը, ճիշտն ու սխալը, լավն ու վատը չափելու և կշռելու, նրանց սահմանները որոշելու մեծ փորձ ուներ:


Նրա տխուր կյանքի հեքիաթն սկիզբ էր առել մի գեղեցիկ օր, երբ երկիրը տիրականորեն հսկում էր երկունքի մեջ գտնվող Առյուծը: Նրա մայրն «Առյուծի» համաստեղությունից էր խլել նրան և սկսել հյուսել իր որդու կյանքի թելերը: Եվ մի օր, երբ արդեն կար ձևավորված պատկերը, որդին նայեց իրեն ու հասկացավ, որ դեպի անմահական խնձորը տանող ճանապարհին պատասխանատու է մարդ արարածի համար: Հասկացավ, որ շարունակելու է հյուսել իր կյանքի հեքիաթը մարդկանց տխրությունը ցրելու համար: Շարունակելու է մինչև...
Դժվար թե չուզենար ուժերը քիչ–քիչ լքող, ծերացող առյուծի նման կյանքի վերջում շուռ գալ ճամփեզրին և գլուխն իր թաթին դնելով՝ հանգիստ փակել աչքերը: Բայց այդպես ճիշտ լինել չէր կարող: Որովհետև մարդու համար պատասխանատվություն կրողը, նրա համար գնացողը իր ճշմարիտ երգն է ունենալու: Արքայական պատմուճանը, զենք ու զրահը, թագավորի մեծ թե փոքր տղան լինելը կարևոր չէ հեքիաթի խնձորի ետևից գնացողի համար: Կարևորը խնձորի մասին ճիշտ պատկերացում ունենալն է, և նրա մասին երգերով լիցքավորումը ճամփի դժվար ու անանցանելի կետերում:


Եվ գնում էր նա՝ բոլորին տեսանելի ու անթաքույց տանելով, ինչպես ինքն էր որակում, «հազար ու մի խենթությամբ, մտահղացումներով, ցավոտ հիասթափություններով ու խելառ ուրախությամբ ապրված իր կյանքը»: Գնում էր կյանքի անանցանելի կետերում՝ լիցքավորվելով ինքն իր ճշմարիտ երգով:
Բայց գաղտնիքն այլևս շատ բացահայտ էր: Հեքիաթի խնձորի մասին ճշմարիտ երգերն այլևս չէին հասունանում նորահարսի քողի տակ թաքուն արագացող շնչառության նման: Գաղտնիքն այլևս բացահայտ էր և իր համար: Նա ինքն էլ գիտեր, որ բարձր երգելով առաջացողը չի կարող աչքերը ծերացած առյուծի նման փակել՝ թաթը հանգիստ գլխի տակ դնելով:
Ճշմարիտ երգի մասին գաղտնիքն աղաղակ էր դարձել, երբ այն իմացողներից մեկն էլ ճամփի անանցանելի կետում կռացել ու ափի մեջ էր առել մոտիկից զննելու համար մարդուն, նրան, ում համար գնում էր: Զննողի աղաղակն արձագանք էր տվել ու կախվել օդում, թե՝


Ճշմարիտ երգը ծնվում է,
Ինչպես կրակը զենքի մեջ.
Ետհարվածով ետ է մղում կրակողին,
Իսկ ում դիպավ՝ տեղնուտեղը սպանում է:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ


Ետհարվածով ետ մղված կյանք: Կյանքի տխրությունը ցրելու համար հորինված հեքիաթ: Առաջինը չէր, վերջինը չէր...
Ե՞րբ է գալու վերջին տխրությունը՝ տխրության վերջը: Հարցը ճշմարիտ երգ է դառնում, զենքի մեջ ծնվող կրակ ու ճամփի անանցանելի կետում ընկած թողնում ետհարվածով ետ մղված ևս մի կյանք:
— Երանի՜ թե կորցրած լինեի...
Այս հետաքրքիր զուգադիպությամբ այսպես, այս խոսքերով է ավարտվում նրա առաջին ստեղծագործությունը՝ գրված 1957 թվականին, առաջին ճշմարիտ երգը, առաջին պահվածքը մարդու նկատմամբ:
«Երանի՜ թե կորցրած լինեի...»: Այսպես է վերնագրվել և այսպես ավարտվել նրա այն ստեղծագործությունը, որ մարդու համար պատասխանատվություն կրողի առաջին հանդիպումն էր իր հակառակորդի հետ: Զզվելի ստորությո՛ւն, սո՛ւտ, կեղծի՛ք, խաբեությո՛ւն: Ահա այս քստմնելին էր կանգնած այն ճանապարհի սկզբին, որով ինքը փորձում էր հյուսել դեպի հեքիաթի խնձորը տանող իր ճանապարհը:


Այդ օրն ինքը, զամբյուղը ձեռքին, կույր ծաղկավաճառ էր, շուշաններ վաճառող ծերունի, որ սիրում էր բոլոր իր հաճախորդներին և ապրում այն ջերմությամբ, որը ծաղիկների միջոցով իրար էին փոխանցում ամեն օր ինքն ու նրանք, «ում տեսել էր մանուկ կամ ջահել ժամանակ, և նրանց, ում երբեք չէր տեսել...»:
Լիլի
Լիլի Մարտոյան
Կյանքի տխրությունը փարատելու համար հորինած առաջին շանթահարումը ծերունու ուսին է փոխանցվում՝ նրա պառավի ձեռքի հետ՝ ուշադրությունը կենտրոնացնելու համար այն մտքի վրա, թե մեկն ու մեկը խաբել է նրան ու փողի տեղ թղթի կտորներ է լցրել զամբյուղը:
«Թղթի կտորներ փողերի մեջ»,– ասում է պառավը:


«...Ասես կոպիտ մի կրունկ տրորեց իր բոլոր շուշանները: Ծերունին ցնցված վեր թռավ: Հիշեց մի չոր ծիծաղ... Երիտասարդ, առողջ: Ահագին ժամանակ ծաղիկ էր ընտրում, վերցնում էր, հոտ քաշում, ծիծաղում, հետո նորից դնում: Ի վերջո ընտրեց երեք փունջ...»:
— Պարզ է, խաբել են...
Ահա և անանցանելի առաջին կետը՝ մարդ արարածի համար պատասխանատվությամբ առաջացողի ճանապարհին: Իսկ նա հավատում էր:
«...Նա սիրում էր այդ կյանքը, այդ մարդկանց՝ ծանոթ և անծանոթ, սիրում էր և հավատում: Չէր կարող ապրել՝ առանց այդ սիրո և հավատի...»: Ուստի, «իր պառավի ձայնը այդ պահին այնքան թշնամական, ծաղրող և անծանոթ թվաց»: Այդ պահին ատելի էր պառավի ձայնը: Իսկ ծերունին ուզում էր համոզել իրեն, որ պակաս փողը պարզապես կորցրել է: Մեզ համար հորինված նրա՝ իր կյանքի հեքիաթի այդ առաջին շանթահարումից հետո, երբ ստեղծագործական գործունեությունն այլևս միավորված էր նրա անձնական շնչառության հետ, մի սոսկալի ետհարված դարձյալ շանթահարեց նրան:
«Երանի՜ կորցրած լինեի...»,– կասեր նա, եթե մեզ հետ լիներ և ի վիճակի՝ հեռվից նայելու կատարվածին:


Պառավի ձայնի պես նրան ատելի չդարձնենք մեր ձայնը: Թողնենք, որ նա դարձյալ ծաղիկներ տանի փողոցով անցնողներին նաև վաղը, մյուս օրը, մինչև որ...
Մինչև որ կյանքի տխուր նոտաների մեջ էլի ու էլի ավելանա նրանց թիվը, ովքեր կարողանան հասկանալ, թե ինչո՛ւ են քանդվում մարդկանց իրար հետ կապող կամուրջները, ինչո՛ւ է ժայռոտ քարերին խփելով անդունդը գլորվում միմյանց նկատմամբ ունեցած հավատը: Մինչև որ հասկանալի ու սիրելի դառնա նրա հարցական հայացքը, խռոված հոգին, երբ նստել էր գյուղի հին կամրջին և ուրիշ կամուրջ էր տեսնում: Քանդվող կամուրջ: Հօդս ցնդող հավատ, երբ հանդիպել էր ընկերոջ ստորությանը: Ավերակվող կամրջի գլխից ցած կախված հավատն իր հետ ցած էր քաշում նրա վտիտ ուսերն, ու քանի գնում, հարցականը խորանում էր նրան մուգ աչքերում:


Նրա աչքերը... ծովից կտրվել չկարողացող թռչունների նման... այս ու այն կողմ են ընկնում, հետո կտրուկ քաշում հարցականի պոչը՝ բերելով ու հասցնելով մինչև քո աչքի սահմանները:
Հարցականը դառնում է կամուրջը քանդողի դատավորը: Այն պայթեցնելուց առաջ «անհրաժեշտ է մի վերջին անգամ նայել այն քարերին, որ շարել ես իրար վրա, միացրել հավատի շաղախով, պիտի վերջին անգամ հավատաս այն երազին, որով կամար ես սարքել, պիտի չափես այն տարածությունը, որ միացնում էր այդ կամարը»:
Մինչ կույր ծերունին մայթի մի անկյունում կշարունակի վաճառել իր հավատի ծաղկեփնջերը՝ համոզված, որ միայն թվացել է, թե խաբել են իրեն, նա՝ երիտասարդ մի տղամարդ, նստած է գյուղի հին կամրջին և փորձում է պահել իր ներսում ավերակվող կամրջի քարերը: Իսկ կամուրջը չի դիմանում ստորությանը: Հաշտվելու փո՞րձ... Անհնարի՛ն է: Չէ՞ որ հաշտվում են թշնամիները: Իսկ բարեկամները մնում են քանդված կամրջի երկու տարբեր ափերին: Նրանց արանքում պղտոր գետն է, և նրանք իրար կարող են նայել միայն հեռվից: «Հետո կցամաքի այդ պղտոր գետն էլ, իսկ ցամաքած գետի վրա մարդիկ այլևս կամուրջ չեն կառուցում»:
Այդպես էլ նստած է նա հին կամրջի գլխին մինչև այսօր... Մինչև այսօր, սև աչքերն անհանգիստ թռչուններ, նա փորձում է նոր շաղախ հորինել՝ մարդկանց իրար կապող հավատի համար: Նոր շաղախ, քանի որ քանդված կամրջի ավերակների վրայով իրար մոտենալն այլևս անիմաստ է: Չէ՞ որ տաճարն է, որ իրենով մի տեսակ ազնվացնում է քարերը: Քարերը տաճար են դառնում, երբ դառնում են տաճարի քարեր: Այդպես է և ընկերությունը, որը պետք է գտնել մի ավելի մեծ բանի մեջ, քան դուք ինքներդ եք: Ընկեր, բարեկամ կարելի է լինել ինչ–որ մեծ, կարևոր բանում, չի կարելի հենց այնպես... Կներեք, ես նորից հեքիաթ եմ պատմում...»:


Հին կամրջի գլխին այսօր էլ նա հյուսում է այն հեքիաթը, որով փորձում է գտնել ամուր շաղախի գաղտնիքը: Հետո, երբ այլևս չի կարողանում նայել ավերակների տեսքին, փախցնում է հայացքը նրանցից և գալիս, գալիս, մտնում է դասարան՝ իբրև վերջին ուսուցիչ և թարգման ու վերլուծաբան՝ ճշմարիտ երգերի:
Իբրև վերջին ուսուցիչ՝ նա դեռ չի ավարտել իր դասը: Որովհետև դեռ չի հնչել այն զանգը, որ կարող է ընդհատել կյանքի տխրությունը փարատելու համար հորինված հեքիաթը:
Իսկ տաճարի քարերի մասին հեքիաթից երջանկություն է կաթում, երբ կանգուն է տաճարը: Անհրաժեշտ է գտնել ամրության շաղախը, այլապես կավերակվի ամեն ինչ, և յուրաքանչյուրի կանգնած տեղն իր համար կդառնա իբրև կամրջի հակառակ ծայրը: Իսկ անմահական խնձորի ետևից գնալու ճանապարհն անընդհատ անցնում է անդունդների վրա գցված կամուրջների վրայով:
Նա ցավոտ հիասթափությունների կամուրջներ թողեց իր ետևում: Հաճախ մնաց նրանց հակառակ ծայրին, բայց «մի՞թե մեղուները ծաղիկներից վերցրած գույներն ու նեկտարը՝ գրամ գրամի համապատասխանությամբ, հենց այնպես դյուրությամբ ու միանգամից են վերածում մեղրի»:


Նրա «էության փեթակներում քնած հուշերը մեղուների նման արթնանում են, բզզում, աղմկում, թռչում են լույսաշխարհ»՝ պատմելու իր սերնդի «դրամատիկ ու խենթ պատմությունը»: Այդ սերնդի չապրած տարիները լրացնում ու ապրում են նորերը՝ կրկին ու կրկին բողոքելով. «Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց...»: Իսկապես, ի՞նչ էր ավելացնելու բազմապատկման աղյուսակը, երբ այնքան շատ են մեր կյանքի բաժանումները... Կենտրոնում ավերակներ ունեցող բաժանումները....
Մենք բաժանվեցինք նրանից՝ թողնելով նրան իր կյանքի կայարաններից մեկում՝ առյուծի մոլորված ձագի նման, որի համար այլևս անհնար էր փառահեղ ծերության մեջ հանգչելը: Մենք անցանք նրա կողքով՝ թողնելով նրան իր իսկ հորինած կայարանում, որտեղ զբաղված էր քարերը տաճարի տանիքի տակ շարելով՝ իմանալով, որ հենց այդտեղ էլ վերջանում են իր ապրած տարիները:


Ինչո՞ւ էր այդքան տխուր նրա հորինած հեքիաթի ավարտը: Քանի որ գրված էր «ապրած–վերջացած տարիների մասին»:
«...Ուրեմն՝ մարդու կյանքը նման է գնացքի... Մարդը աշխարհ է գալիս մի վագոնով,– պատմում է նա իր որդուն, երբ վերջինս հարցնում է անցնող տարիների մասին,– երբ լրանում է նրա մի տարին, և նա մտնում է երկուսի մեջ՝ ճանապարհին թողնելով այդ առաջին տարվա վագոնը, նստում է ուրիշ մի վագոն, որ մի քիչ ավելի մեծ է: Այդպես կամաց–կամաց մարդու կյանքի գնացքը բարձրանում է սարն ի վեր՝ ճանապարհի ծաղիկների ու փշերի մեջ թողնելով իր տարիները: Ամեն կայարանում՝ մեկը»:
Ծաղիկների ու փշերի մեջ մնացին 67 կայարաններ: Բարձր կամարներով կայարաններ: Խոյակներն անընդհատ ավելացված սյուներով վեր պահող կայարաններ: Մեծ ու փոքր թղթերի վրա ազդագրեր ունեցող կայարաններ...


Գնացքներն անցնում են սուլելով, և յուրաքանչյուրս, մեր վագոնը մտնելուց առաջ, ետ ենք նայում՝ կարդալու այն ազդագրերը, որ մնացել են իբրև կամարներն ու կամուրջները վեր պահող շաղախն ստանալու գաղտնիքներ: Դրանք ամենակարևոր բաներն են, որ այբուբենը սովորելու հետ մեզ ոչ ոք չի սովորեցրել: Թողել են, որ «...Մեր սրտի վրա ստացած վերքերով սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպիներ են մնում...: ...Բայց սպիներով է սիրտը սիրտ, այդ սպիներով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը»:
Մեղքի խնձորն ուտելուց հետո այլևս անիմաստ էր անմահական խնձորի ետևից գնալը: Բայց զղջման ցավը մեզ առաջ է մղում, ու գնում ենք՝ կուլ տալով մեր արցունքներն ու կարծրանալով սպիների մեջ: Գնում ենք՝ յուրաքանչյուր կանգառում կարդալով նրա թողած ազդագրերը այն մասին, որ «կյանքն անընդհատ մի ճանապարհ է՝ վերելքներով ու անկումներով»:
Այսպես, տարիների մոխիրը ետ քաշելով՝ հանդիպեցինք նրան՝ կանգնած, դեռ չմարած կրակների միջև՝ իբրև լուսավոր հավատին կառչած ծերուկ մի ծաղկավաճառ, իբրև կեսգիշերային զրուցակից՝ քանդված կամուրջների գլխին, իբրև ճշմարիտ անհայտով խնդիրների պատասխանն իմացող վերջին ուսուցիչ, ամենակարևոր բաների մասին լռելուն դեմ եղող խաբված երիտասարդ...:


Իսկ ապրած – չապրած ժամանակներին վերադառնալու, նրան մոտենալու – հեռանալու ճիգերից գոյացած խճանկարը, որ նույն էսքիզներն են՝ հայկական թեմաներով, աղաղակ են՝ կախված հայոց մեր աշխարհի վրա, թե ուրացում չէ մոռացումը: Մոռացումը երբեմն – երբեմն սկսում է փակված կոպեկի վրա կամաց–կամաց շարժել թարթիչներն ու ծըլնգ – ծըլնգ բացել իր էջերը: Երբեմն աչքերը բաց են: Պարզապես ետ պետք է տանել ակնոցը: Քանի՜ – քանի՜սը՝ «Հայկական էսքիզներ» – ի էջերից մնացին հենց այդպես՝ ակնոցը ետ տանելու պահին: Իսկ ետ տարան, որովհետև խնդիրը մի ուրիշ շաղախի ամրության մասին էր: Այն մասին, թե ճի՞շտ է արդյոք հայ ժողովրդին սիրել այնպես, ինչպես Կորդելիան էր սիրում իր հորն՝ Արքա Լիրին: Ճի՞շտ են արդյոք հայերին Դոն – Կիխոտի հետ համեմատողները, ճի՞շտ են «Հայերը ծեր են ծնվում» ասողները: Իսկ ակնոցը ետ է տարվում Բոսֆորի ափերին, Բեյրութի սրճարաններում, օտար հյուրանոցներում: «...Եվ ես նրան ասում եմ՝ «Դու պիտի գաս Հայաստան»: Չեմ հարցնում՝ «Դու պիտի գա՞ս Հայաստան»: «Դու պիտի գաս»,– ասում եմ: Նա հանում է իր ծխագույն ակնոցը, և ես տեսնում եմ նրա կապույտ աչքերը: Նա տարօրինակ կկոցում է աչքերը: «Կուզենայի ապրել Զանգեզուրում»,– ասում է:
Նա ատում էր գազոնի վրա աշխատող մկրատը: «Ես ավելի գերադասում եմ անտառի անկանոն մացառները, անհավասար թփերի ու ծառերի խռիվ շարքերը, որովհետև բնությունը դա է: Գազոնն ավելի հարմար է ծույլ ուղեղի համար. համատարած հարթության վրա բավական է երևա մի խենթ կանաչ, իսկույն աչքի կընկնի ու... խը՜րթ՝ կաշխատի մկրատը»,– ասում է նա:


Իսկապես, պե՞տք են գազոնի գաճաճ ու հարթ թփերը, երբ խռիվ անտառի խշշոցի միջից են լսելի դառնում իմաստուն հեքիաթները: Այն հեքիաթները, որ «...հորինում են մարդիկ, կյանքի տխրությունը ցրելու համար»:
Նրա հեքիաթը շատ էր ճշմարիտ, ուստի ծնվել էր «Ինչպես կրակը զենքի մեջ», որ՝
...Ետհարվածով ետ է մղում կրակողին,
Իսկ ում դիպավ, տեղնուտեղը սպանում է:
Սպանվողն ընկած մնաց կամրջի հակառակ ծայրին, իսկ նա վեր բարձրացավ կամրջի գլխից՝ մեզ թողնելով իր «ազդագիրը»՝ կամուրջն ամուր պահող շաղախի մասին:


Ֆելիքս Բախչինյան

Դիտվել է՝ 9676

Մեկնաբանություններ